Երեկվա Դուբայ-Երևան չեղարկված թռիչքի 111 ուղևորներն այսօր եկել են Հայաստան:Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, NEWS.am-ին հայտնեցին «Ֆլայ Էքսպրես» ընկերությունից, որը FlyDubai ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:
«Այսօր, արդեն կայացած չվերթով, Երևան են վերադարձել ինչպես չվերթի պլանային ուղևորները, այնպես էլ երեկվա չեղարկված թռիչքի ուղևորները»,-հայտնում են ընկերությունից:
Այս պահի դրությամբ, Դուբայ-Երևան չվերթները վերականգնվել են, և իրականացվում են ըստ չվացուցակի: Այսօրվա չվերթն արդեն կատարվել է չվացուցակով նախատեսված ժամին:
«Չեղարկված չվերթի ուղևորներին առաջարկվել էր ավիատոմսի օրվա անվճար փոփոխություն, և ուղևորները ընտրել են իրենց համար նախընտրելի վերադարձի օրեր: Քանի որ ավիաընկերությունը իրականացնում է ամենօրյա թռիչքներ Դուբայ-Երևան ուղղությամբ, ապա օրերի սահմանափակում չի եղել։ Իսկ այն ուղևորներին, որոնք չեն ցանկացել օգտվել չեղարկված չվերթի փոխարեն այլընտրանքային չվերթներից, առաջարկվել է ավիտոմսի արժեքի ամբողջական վերադարձ»,-պարզաբանեցին «Ֆլայ Էքսպրես» ընկերությունից:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 17-ին, առավոտյան նախատեսված Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է առատ տեղումների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով:




























