Սունդուկյանի անվան թատրոնում, նոյեմբերի 15-ին, տեղի է ունեցել Երիտասարդության համաշխարհային օրվան եւ Ուսանողության միջազգային օրվան նվիրված ռոք համերգ, որը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։

Կատարումներով հանդես են եկել «Դեղ», «Բամբիռ», «Դորիանս», «Ռեինկարնացիա» խմբերը։ 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ռոք համերգին ներկա է գտնվել վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած համերգների շարքը կշարունակվի նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը. «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ (մենակատար՝ Նիկոլայ Մադոյան, խմբավար՝ Սերգեյ Սմբատյան)։ Իսկ նոյեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հեղինակային երգի երեկո։

Հիշեցնենք, որ այս համերգային շարքի առաջին համերգը եղել է Թաթայի համերգը, որի ժամանակ ելույթ է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը` ոչ սթափ վիճակում: Այդ ելույթը սկանդալի առիթ էր դարձել: Ինքը` Տ. Սարգսյանն իր բլոգում այդ առիթով գրել էր, որ դա ձայնային խոտան է եղել եւ ինքը խմած չի եղել: