Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտն իր նոր ամփոփագրում, հղում կատարելով հարավային թեւից դեպի Կուրսկի մարզ ռուսական դեսանտային գումարտակի վերատեղակայման մասին տեղեկություններին, հիշեցնում է, որ Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել հյուսիսային խմբավորումը, որը կարող է նորից գրոհել Ուկրաինայի հյուսիս-արեւելքը, այդ թվում Խարկովը։ Ի դեպ, Խարկովի վրա գրոհելու համար Ռուսաստանը, ISW-ի կարծիքով, առայժմ ուժեր չունի։

ISW-ի վերլուծաբանները, հղում կատարելով ուկրաինացի ռազմական տեսաբան Կոնստանտին Մաշովեցին եւ ռուս ռազմական բլոգերին, տեղեկացնում են, որ վերջերս Զապորոժիեի մարզի ճակատից Կուրսկի մարզ է տեղափոխվել գումարտակ Օդադեսանտային զորքերի 76-րդ (Պսկովի) դիվիզիայից։

Մաշովեցի հաշվարկներով՝ Ռուսաստանը խմբավորման համար արդեն հավաքել է մոտ 50 հազար զինվոր. ավելի քան 31 հազար Բելգորոդի մարզում, ավելի քան 10 հազար՝ Կուրսկի եւ ավելի քան 8 000՝ Բրյանսկի մարզերում։

Մաշովեցը հավաստիացրել է, որ ռուսական զորամասերը քողարկման նպատակով իջնում են Կուրսկի մարզի կայարաններում, իսկ այնուհետեւ սեփական ընթացքով մեկնում են Բելգորոդ, Խարկովին մոտ։

Շատ տեսաբաններ նշում են, որ ռուսաստանցիները վերջին ժամանակներս ակտիվացրել են հարվածները Խարկովի եւ հյուսիսարեւելյան մարզերի դեմ, ինչպես նաեւ աերոհետախուզումն այդ տարածաշրջանում։

«Ռուսական բանակը կազմավորում եւ պատրաստում է Հյուսիսային խմբավորում Լենինգրադի ռազմական օկրուգի զորամասերից, առաջին հերթին Բելգորոդ-Խարկով օպերատիվ ուղղությունում գործողություն իրականացնելու համար»,- ամփոփել են ISW-ում։

«ISW-ն շարունակում է կարծել, որ ռուսական բանակը բավականաչափ ուժեր չունի, որպեսզի զավթի [Խարկով] քաղաքը, բայց ռուսական հարձակողական գործողությունները Խարկովի կամ Սումայի դեմ հետ կպահի ուկրաինական զորամասերին այլ՝ ավելի կարեւոր ճակատագծերից»,- գրել են ամերիկյան ինստիտուտի վերլուծաբանները։