Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզվող անձանց բազա է մտցրել Ուկրաինայի նախկին վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին, որոշ նախկին պաշտոնյաների եւ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսեյ Դանիլովին։

Ինչպես տեղեկացրել են ռուսական գործակալությունները, Գրոյսմանից եւ Դանիլովից բացի  ՆԳՆ հետախուզման բազայում այժմ ընդգրկված են  Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովի, արտաքին գործերի նախկին նախարար Պավել Կլիմկինի եւ տեղեկատվական քաղաքականության նախկին նախարար Յուրի Ստեցի քարտերը։

Նախօրեին ՆԳՆ-ն հետախուզման բազա էր մտցրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, նախորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյին, Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Պավլյուկին եւ պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Կովալին։

«Օգտվելով առիթից՝ հիշեցնենք, որ ի տարբերություն անարժեք ռուսական հայտարարությունների, Միջազգային քրեական դատարանի օրդերը Ռուսաստանի դիկտատոր Վլադիմիր Պուտինի ձերբակալության համար՝ ռազմական հանցագործությունների կատարման կասկածանքով, միանգամայն իրական է եւ ենթակա է կատարման աշխարհի 123 պետություններում»,- իր հայտարարությունում նշել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։