Բելգորոդի մարզում, Բորիսովի շրջանի Բերյոզովկա գյուղում կամիկաձե դրոնները գրոհել են «ԳԱԶելը», որը տեղափոխում էր ձեռնարկություններից մեկի աշխատակիցներին, եւ մարդատար մի մեքենա, տեղեկացրել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Ուկրաինական անօդաչուների հարվածի հետեւանքով, գրել է նահանգապետն իր Թելեգրամ-ալիքում, զոհվել է վեց մարդ, 35 հոգի, այդ թվում երկու երեխա, վիրավորվել է՝ ստանալով տարբեր ծանրության վնասվածքներ։
Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբը, իր հերթին, տեղեկացրել է, որ «ԳԱԶելը» տեղափոխում էր խոզաբուծարանի աշխատակիցներին, որը պատկանում է «Ագրո-Բելգորյե» ընկերությանը։
Բերյոզովկա գյյուղը գտնվում է Բելգորոդից 50 կիլոմետր հեռու։ Բորիսովի շրջանը, որի մեջ է մտնում գյուղը, սահմանակից է Ուկրաինային։
Բելգորոդի մարզի իշխանությունները մշտապես տեղեկացնում են դրոնների գրոհների եւ գնդակոծությունների մասին, որոնց մեղքը նրանք դնում են ուկրաինացի զինվորականների վրա։
«Ագրո-Բելգորյեն» Ռուսաստանի խոզի մսի ամենամեծ արտադրողներից մեկն է։



























