Ֆինլանդիան հաջողությամբ ստուգել է ռազմական տնտեսությունը կառավարելու իր ունակությունը եւ սկսել ռազմական սարքավորումներ պահել իր սահմաններից դուրս, քանի որ Հելսինկին պատրաստվում է հնարավոր դիմակայության ավելի ագրեսիվ Ռուսաստանի հետ, տեղեկացրել է Financial Times-ը։
Գեներալ-լեյտենանտ, ֆիննական ԶՈւ շտաբի պետի զինված ուժերի սպառազինությունների եւ լոգիստիկայի գծով տեղակալ Միկո Հեյսկանենը հայտնել է, որ Ֆինլանդիան վերջերս ստուգել է ավելի քան 1 000 համաձայնագրեր, որոնք կնքվել են մասնավոր ընկերությունների հետ սարքավորումների արտադրության կամ պատերազմի ժամանակ սպասարկումների ցուցաբերման գծով։
«Մենք պետք է պատրաստ լինենք երկարատեւ ճգնաժամի... Մենք ակտիվացրել ենք դրանց մի մասը, ստուգել բոլոր համաձայնագրերը, ոչ միայն զինամթերքների, այլեւ այլ նյութերի գնումները։ Մենք ստուգում ենք պլանները եւ մեր ռազմավարական գործընկերների պատրաստվածությունը»,- ասել է նա։
Նա նշել է, որ վառելիքի եւ հացահատիկի հիմնական տեսակները կբավականացնեն առնվազն վեց ամիս, իսկ օդային ապաստարանները՝ երկրի ողջ բնակչությանը։ Մեծահասակ բնակչության մոտ մեկ երրորդը պահեստայիններ են, ինչը 5,6 մլն բնակչություն ունեցող երկրին ապահովում է Եվրոպայում ամենամեծ բանակով եւ հրետանու ամենամեծ քանակությամբ։
«Դա մեր ԴՆԹ-ի մեջ է։ Ռուսաստանը հարգում է ուժը։ Ուժը կազմված է ինչպես կամքից, այնպես էլ հնարավորություններից։ Կամքը կա։ Ժողովրդի կամքը երկրի պաշտպանության հարցում ամենաբարձրն է աշխարհում։ Պոտենցիալը, նյութական բազան, վստահության արժանի մակարդակում է։ Այդպիսի պոտենցիալ ստեղծելու վրա տարիներ են ծախսվում։ Դուք չեք կարող դա անել մեկ կամ երկու տարում»,- ավելացրել է Հեյսկանենը։
Նա մանրամասների մեջ չի խորացել, բայց որպես օրինակ ասել է, որ տեքստիլ ընկերությանը կարելի է հրաման տալ կարճ ժամկետում արտադրել անզրահաթափանց բաճկոններ կամ այլ իրեր մարտում զորքերի պաշտպանության համար։




























