ԱՄՆ-ը կոչ է արել Իրանին դադարեցնել Եմենի հութիներին զենքի «աննախադեպ» փոխանցումները, ինչը թույլ է տալիս գրոհայիններին կատարել «անխոհեմ հարձակումներ» նավերի դեմ Կարմիր ծովում եւ այլ վայրերում, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ռոբերտ Վուդը հայտնել է, որ եթե ՄԱԿ Անվտանգության խորհուրդը ցանկանում է առաջընթացի հասնել Եմենում քաղաքացիական պատերազմի դադարեցման հարցում, պետք է գործի հավաքական կերպով, որպեսզի «Իրանին ենթարկի պատասխանատվության իր ապակայունացնող դերի համար եւ ստիպի, որպեսզի նա չթաքնվի հութիների թիկունքում»։

Նրա խոսքով՝ կան բազմաթիվ վկայություններ, որ Իրանը հութիներին ժամանակակից զենք է մատակարարում, ներառյալ բալիստիկ եւ թեւավոր հրթիռներ, խախտելով ՄԱԿ պատժամիջոցները։

«Մենք պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկենք իրավակիրառ պրակտիկայի ամրապնդման եւ պատժամիջոցները խախտողներին զսպելու համար»,- ասել է Վուդը։

Հութիների հայտարարություններով՝ նրանք գրոհում են նավերը Կարմիր ծովում եւ Ադենի ծոցում, որպեսզի Իսրայելին ստիպեն դադարեցնել պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայի հատվածում, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 35 հազար պաղեստինցի։

Պատերազմն սկսվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները հոկտեմբերի 7-ին հարձակվեցին Իսրայելի վրա՝ սպանելով 1 200 մարդու եւ մոտ 250 պատանդ վերցնելով։

ԱՄՆ Ծովային վարչության տվյալներով՝ նոյեմբերից հութիները կատարել են ավելի քան 50 գրոհ նավերի դեմ, մեկ նավ զավթել են, մեկը խորտակել։