Իռլանդիան մինչև մայիսի վերջ կճանաչի Պաղեստինի պետականությունը, Newstalk ռադիոկայանին հայտնել է երկրի արտգործնախարար և փոխվարչապետն Մայքլ Մարտինը։ Սակայն նա խուսափել է նշել ճշգրիտ ամսաթիվը:

Իսպանիայի, Իռլանդիայի, Սլովենիայի և Մալթայի առաջնորդները դեռ մարտին հայտարարեցին, որ պատրաստ են ճանաչել Պաղեստինի պետականությունը։

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոսեպ Բորելն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Իսպանիան, Իռլանդիան և Սլովենիան մտադիր են մայիսի 21-ին խորհրդանշականորեն ճանաչել Պաղեստին պետությունը, մյուս երկրներն էլ կարող են հետևել նրանց օրինակին։

« Հստակ ամսաթիվը դեռևս պարզ չէ, քանի որ Պաղեստին պետության համատեղ ճանաչման շուրջ որոշ երկրների հետ դեռևս բանակցություններ ենք վարում»,- ասել է նա։

Անցյալ ամիս, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի Դուբլին կատարած այցի ժամանակ Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը հայտարարել է, որ երկրները համատեղ կհամակարգեն այդ քայլը: