Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը և աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում այս շաբաթվա ընթացքում ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա են այցելել հանրապետության տարբեր մարզերի ավագ դպրոցների աշակերտներ։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Դպրոցականները շրջել են ռազմական կրթօջախի տարածքում, որտեղ նրանց մանրամասն ներկայացրել են ակադեմիայի ընդունելության կարգը, ռազմակրթական նորացված ծրագրերը, կուրսանտների առօրյան, ուսումնական և կեցության պայմանները, սպա դառնալու հեռանկարներն ու պետության կողմից տրամադրվող բազմաթիվ արտոնությունները և սոցիալական երաշխիքները։ Ակադեմիայի սպաներն ու դասախոսները նաև պատասխանել են աշակերտներին հետաքրքրող հարցերին։

Հանրապետության տարբեր մարզերից ռազմական ակադեմիայում հյուրընկալված աշակերտների հերթական խմբի հետ մայիսի 21-ին հանդիպել և զրուցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ով ևս մեկ անգամ ներկայացրել է սպա դառնալու առավելություններն ու ռազմական ակադեմիայում ուսանելու առանձնահատկությունները: Դպրոցականների այցերը ռազմական ակադեմիա կրելու են շարունակական բնույթ»։





























