Աղստև գետի վարարման հետևանքով մասնակի փլուզվել է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի կամուրջը. գյուղի մուտքն այս պահին փակ է: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, NEWS.am-ին հայտնեց Խաշթառակի վարչական ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը:
«Ճանապարհը փակ ա, ելք ու մուտք չկա: Այլընտրանքային ճանապարհ ունենք, փորձում ենք վերանորոգել, որ ժողովուրդը ելք ու մուտք ունենա,-պարզաբանեց Անդրանիկ Վիրաբյանը:
«Ջրի, լույսի, գազի ու սնունդի խնդիր չունենք, միայն փորձում ենք ճանապարհը վերանորոգել»,-ասաց Խաշթառակի վարչական ղեկավարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարությունը ներկայացրել է հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարված աղետի գոտիները և դրանց տարածքները։
Մասնավորապես դրանք են Թումանյան քաղաք. Ձորագետ և Վահագնաձոր գյուղեր, Ալավերդի քաղաք, Ախթալա քաղաք, Շամլուղ քաղաք, Ախթալա, Բենդիկ, Թեղուտ, Հաղպատ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց, Շնող, Փոքր Այրում, Քարկոփ գյուղեր, Տաշիր քաղաք և Դաշտադեմ, Մեծավան, Նորաշեն, Սարատովկա գյուղեր, Ստեփանավան քաղաք, Ամրակից և Հոբարձի գյուղեր, Դիլիջան քաղաք և Հաղարծին գյուղ, Իջևան քաղաք, Աչաջուր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Լուսաձոր, Խաշթառակ գյուղեր, Այրում քաղաք, Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան գյուղեր:




























