Կիրանց-Աճարկուտ այլընտրանքային ճանապարհի լայնացման աշխատանքների ժամանակ բնակչին՝ նրա տնամերձ այգու հենապատը քանդելու համար փոխհատուցում են առաջարկել: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, NEWS.am-ին հայտնեց Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ նշելով, որ ինքը հրաժարվել է փոխհատուցումից, փոխարենը այգու հենապատն են վերակառուցում:
Քաղաքում էի, երբ տեղեկացա, եկա գյուղ, տեսա, որ քանդված պատն էլ այգու բերքն է վնասել: Գյուղապետը եկավ, զրուցեցինք: Մի քանի րոպե անց երկու մեքենայով ոստիկաններ եկան, որ վիճաբանություն չլինի,-պատմում է Աճարկուտի բնակիչը՝ հավելելով, որ այլընտրանքային ճանապարհի կառուցումն իսկապես կարևոր է, սակայն ինքը պետք է տեղյակ լիներ, որ նման բան է նախատեսվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հունիսի 4-ին, Կիրանց-Աճարկուտ այլընտրանքային ճանապարհի կառուցման համար Աճարկուտի բնակչին պատկանող տնամերձ այգու հենապատն էին քանդել:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ից մեկնարկել էր Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել էր, որ ճանապարհը կլայնացվի, անցանելի կդառնա նաև բեռնատար մեքենաների համար: Ճանապարհը պետք է շահագործման հանձնվի երկու ամսվա ընթացքում:





























