Մեր համաքաղաքացիներն արդեն դիմում են տուրգործակալություններ եւ ավիաընկերություններ` Ամանորի համար ավիատոմսեր «բրոնյա» անելու համար: Թերեւս հենց դրանով է պայմանավորված, որ հոկտեմբեր-նոյեմբերից արդեն սկսում են թանկանալ ավիատոմսերը: Համենայն դեպս, մի շարք տուրգործակալությունների շրջանում NEWS.am-ի անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ հայերի շրջանում մեծ պահանջարկ ունեցող ուղղություններով տոմսերը թանկացել են, իսկ որոշ ուղղություններով արդեն հնարավոր չէ տոմս գնել Ամանորյա տոների համար:
Տուրգործակալությունների աշխատակիցները արձանագրում են, որ հիմնականում թանկացել են Երեւան-Մոսկվա, Երեւան-Դուբայ, Երեւան-Կահիրե, Երեւան-Շրի Լանկա ուղղություններով ավիատոմսերը:
«Հայք ավիա» եւ «Էլիտար» ընկերություններից NEWS.am-ին հայտնեցին, որ մոտ 10 հազար դրամով թանկացել է Մոսկվայի չվերթը` դառնալով 110 հազար դրամ: «Ռիմա թրավելից» հայտնեցին, որ եթե սովորական օրերին Դուբայի ավիատոմսն արժե 300-400 դոլար, ապա Ամանորին` 1000 դոլար: Մինչդեռ, աշխատակցի խոսքով, նախորդ տարվա Ամանորին դեպի Դուբայ ավիատոմսն արժեր 700 դոլար:
Ըստ «Դոլչե թրավելի»` Ամանորին Երեւան-Դուբայ ուղղությունը դարձել է 375 հազար դրամ, ոչ տոնական օրերին` 119 հազար դրամ է, իսկ Երեւան-Կահիրե ուղղությունը Ամանորին արժե 750 դոլար, մինչդեռ նախկինում 450 դոլար էր:
Աշխատակիցները շեշտում են, որ քանի որ Ամանորին պահանջարկը մեծանում են, շատ են արտերկրում հանգստանալ ցանկացողները, էժան տոմսերը շուտ սպառվում են, մնում են թանկ տոմսերը, իսկ վերջին շրջանում արդեն թանկ տոմսեր եւս հնարավոր չի լինում գտնել: «Ավստրիական աղիաուղիներից» հայտնեցին, որ իրենց իրականացրած չվերթը` Երեւան-Վիեննա չի թանկացել, ավելին` վերջերս ակցիաների հետեւանքով բավականին էժանացել է իրենց ավիատոմսերը: Աշխատակցի խոսքով` Ամանորին եւս թանկացումներ չեն սպասվում: «Ավիատոմսի արժեքը պարունակում է տոմսի արժեքը եւ հարկերը, իսկ հարկերը դա օդանավակայանի հարկերն են, տուրքերը, հնարավոր է` հարկերն են բարձրանում, ոչ թե տոմսերի գները: Տարեցտարի ավելանում են օդանավակայանի հարկերը, վառելիքի, ծառայությունների»,- նշեց աշխատակիցը:




























