Քրեական գործերի բովանդակության և էության մեջ ոչ ժամանակ է եղել, ոչ էլ ցանկություն խորանալու, դա իմ գործը չէ: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով նախարարությունում չարաշահումների մեղադրանքներով առկա աղմկահարույց գործերին։

«Դրանք իրավապահների գործն են, կքննեն և որոշումներ կկայացնեն»,-ասաց նա։

Նա միայն անդրադարձավ ինտենսիվ այգիների հետ կապված չարաշահումներին՝ նշելով. «Դրանց հետ ուզած-չուզած սերտ աշխատում են։ «Այստեղ դրական իրավիճակ ունենք, որ բազմաթիվ քաղաքացիներ ունենք՝ տասնյակներով, որոնք ասել էին 11 հա այգի ունեն, բայց մենք ասել ենք՝ ո՛չ, 7 հա է, հիմա իրենք գալիս են, կնքում համաձայնագիր, որ փոխհատուցում ստանան»:

Ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, բնականոն աշխատանքային ընթացքի մեջ են։

«Թիմը լավ աշխատում է՝ ծանրաբեռնված, օրնիբուն, մեր ամենօրյա նպատակն է կառավարության կողմից նախանշված 7 տոկոս տնտեսական աճն ապահովենք։ Բոլորս ամեն առավոտ գալիս ենք աշխատանքի և գնում ենք շատ ուշ՝ նույն նպատակով»,- ընդգծեց Պապոյանը։