Երեւանում, այսօր` նոյեմբերի 23-ին, մեկնարկել է «Ո`չ վատ սովորություններին» խորագրով եռօրյա դասընթացը։ Այն կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն եւ խնամք» ՀԿ-ի նախաձեռնությամբ:
Դասընթացի նպատակն է երիտասարդների մոտ ձեւավորել անվտանգ վարքագիծ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թմրամիջոցների եւ այլ վնասակար սովորությունների հետ կապված։ Դասընթացին մասնակցում են Երեւանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների եւ կուրսերի ուսանողներ։ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն եւ խնամք» հասարակական կազմակերպության դասընթացավար եւ կրթական ծրագրերի մարզային համակարգող Լիլիթ Ասատրյանն ուսանողներին ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի զարգացման պատմությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ներկա իրավիճակն աշխարհում եւ Հայաստանում, ՄԻԱՎ վարակի ընթացքը, փոխանցման ուղիները։ Լիլիթ Ասատրյանը մասնավորապես նշեց, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը սպառնում է յուրաքանչյուրին՝ անկախ սեռից, տարիքից եւ սոցիալական կարգավիճակից։ Չվարակվելու համար հարկավոր է իմանալ ինչպես խուսափել վարակից եւ պատասխանատվությամբ վերաբերվել սեփական եւ այլոց առողջությանը։
Եռօրյա սեմինարի ընթացքում անդրադարձ կլինի տղամարդու եւ կնոջ վերարտադրողական համակարգերին, անատոմիա-ֆիզիոլոգիական առանձնահատկություններին, սեռավարակներին, դրանց փոխանցման ուղիներին, ինչպես նաեւ՝ թմրամիջոցների տեսակներին, ազդեցությանը, կանխարգելման ուղիներին։




























