Ուզում եմ ընդգծել գոհունակությամբ, որ երեկ Եվրոպայի խորհրդի ԽՎ-ն Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը վերաբերող իր բանաձևում բարձր է գնահատել նաև դատական համակարգի անկախության պահպանմանն ուղղված բարեփոխումները, որն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, նաև նշել է մի շարք մարտահրավերների մասին, և դրանց մասին մենք նույնպես գիտենք: Ընդհանուր առմամբ մեր կամքն է, որպեսզի մենք հետևողական և անհոգնել գնանք ՀՀ դատական համակարգին իրական անկախություն ապահովելու ճանապարհով:

Կարծում եմ՝ նաև անկախությունը և արդար դատաքննության հասանելիության իրավունքի հասանելիությունն ապահովելու իմաստով հանրային պաշտպանի ինստիտուտի ուժեղացումը շատ կարևոր է: Մենք սրա հետ կապված ունենք պատկերացումներ, և դրանք հետևողականորեն կյանքի ենք կոչելու»,- նշեց վարչապետը:

Ըստ Փաշինյանի` դատական համակարգի անկախության հետ կապված մարտահրավերը 2018 թվականից եղել ու շարունակում է մնալ նույնը. «Մենք ասել ենք, որ դատական համակարգը պետք է կախվածություն չունենա, բայց կախվածություն չունենա ոչ միայն  կառավարությունից, այլև՝ հնարավոր այլ տեղերից, որից, սովորաբար, ունենում են կախվածություն։ Դատական համակարգում հակակոռուպցիոն քաղաքականության ակտիվ իրագործումը չափազանց կարևոր է»,- ասաց նա: