ՀՀ իշխանությունները լեգիտիմացնում են Ռուսաստանի գործողությունները, որոնք ուղղված են իր դաշնակցային պարտավորությունների չկատարմանը։ Այս մասին – NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այժմ Ռուսաստանը լեգիտիմ հիմքեր ունի հայտարարելու, թե ինչու չի կատարել իր պարտավորությունները։

Նա նշել է Հայաստանի իշխանությունների ակնհայտ մտադրությունները՝ փոխել արտաքին քաղաքական գիծը, մյուս կողմից՝ կա Ռուսաստանի հարաբերություն, որը հռետորաբանությունից այն կողմ չի անցնում։ «Մի բան է, թե ինչ է ասում Ռուսաստանը, այլ բան, որ Ռուսաստանը փորձում է օգտվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկա քաղաքականությունից։ Դա հանգում է այն բանին, որ իր իրավիճակային դաշնակիցներին տրամադրի դիվիդենդներ ի հաշիվ Հայաստանի՝ հիմք ընդունելով պաշտոնական Երեւանի գործողությունները։ Բայց այդ ամենը չի կարող երկար տեւել։ Մի ինչ-որ պահի Ռուսաստանը կփորձի վերջին մեխը խփել Հայաստանի ներկա իշխանությունների դագաղին»,- ավելացրել է փորձագետը։

Հակոբյանի գնահատմամբ՝ կոնսենսուսը, որը եղել է գլոբալ եւ տարածաշրջանային խաղացողների միջեւ ներկա իշխանությունների հարցում ե՛ւ 2018թ., ե՛ւ 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ, այժմ ճաք է տվել. «Այլ հարց է, թե ով եւ ինչպես կարձագանքի։ Եթե «Հանուն հայրենիքի» շարժումը մի ինչ-որ պահի դառնա իշխանափոխության իրական գործոն, ԱՄՆ նույն դեսպանությունը շատ արագ կհարմարվի այդ վիճակին»,- բացատրել է նա։

Քաղտեխնոլոգը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ ներկա դիրքորոշումը ելնում է քաղաքական շահերից, եւ ոչ մի բարոյական նորմ դրանում չկա։ «Հենց որ նրանց ցուցումները եւ պահանջները չկատարվեն, ԱՄՆ-ը անմիջապես կհրապարակի դոսիե այն մասին, թե որքան մարդ է ենթարկվել կտտանքների, որքան արյուն է հեղել իշխանությունը, եւ ինչպես է ստացվել, որ հարկատուների հաշվին ապրող ոստիկանությունը վերածվել է գեստապոյի»,- ամփոփել է Վիգեն Հակոբյանը։