Գենդերային հավասարության խնդիրները միայն ժողովրավարությունում կարելի է քննարկել, որովհետեւ ժողովրդավարությունը ենթադրում է ներառականություն: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, «Ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումի» ժամանակ նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ես համաձայն չեմ պնդմանը, որ երբ ԱԺ-ում պատգամավորների թվաքանակում գենդերային պահանջ ենք դնում, դա շատ բան չի փոխում: Ես կարծում եմ՝ շատ բան փոխում է: Այդ փոփոխությունները երեւի անհրաժեշտ են, որպեսզի մարդկանց ընկալումներում էլ փոփոխություն լինի: Այս պահին խորհրդարանում կանանց ներկայության պահանջը 30 տոկոս է, եթե այդ տոկոսը բարձրացնենք, դա իր հետ կբերի նոր ներգրավում կանանց:

Իհարկե, ամենադասական ոլորտներից մեկն անվտանգությունն է, որտեղ կանանց ներգրավվածությունը որոշ դեպքերում մինիմալ է, բայց օրինակ, մեր ԱԽ-ում կանանց թիվը 50 տոկոս է, գուցե կանանց թիվն ավել է: Ես չեմ տեսել, որ կանայք չեն կարող կատարել այն աշխատանքը, որ կատարում են տղամարդիկ:

Կարեւոր փոփոխություններից մեկը նաեւ արտաքին հետախուզության պետի նշանակումն է: Սա օրինակի նշանակում է հենց գենդերային ընկալումների փոփոխության առումով: Այստեղ մեծ աշխատանք ունենք կատարելու»,-ասաց Արմեն Գրիգորյանը: