Հուլիսի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Հունգարիայի կառավարության «Հալածյալ քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի» գծով պետական քարտուղար Տրիստան Ազբեյին: Այս մասին հայտնում է ԱԳՆ պաշտոնական կայքը:
Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը ողջունել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո արձանագրված նկատելի առաջընթացը, նշել բարձր մակարդակով փոխադարձ հանդիպումների արդյունքում ստորագրված համաձայնագրերի կյանքի կոչման կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ներառյալ առևտրատնտեսական, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի աշխուժացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանը՝ հաշվի առնելով, որ հուլիսի 1-ից Հունգարիան ստանձնել է ԵՄ նախագահությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ՀՀ գործադրվող ջանքերը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:




























