Այս տարի 6 ամսվա ընթացքում ընտանեկան բռնության 46 դեպք է գրանցվել։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Միքայել Խաչատրյանը։
Նա նշեց, որ 2023 թվականին բռնության 96 դեպք է գրանցվել․ «Այս տարի 6 ամսվա ընթացքում գրանցվել է 46 դեպք, թվերն իրականում աճում են։ Հարց է, թե ովքեր են տուժողները, ովքեր են բռնարարները։ Սակայն կան սոցիալական խմբեր, որոնք չեն երևում, բաց են մնում։ Անհատական գործերը մեզ հնարավորություն են տալիս իրական դեպքերի միջոցով վերհանել համակարգային խնդիրները, հասկանալ՝ որտեղ են այդ խնդիրները։ Տարեկան մոտ 100 բողոք ենք ունենում։ Օրինակ՝ տարեցների վերաբերյալ որևէ բողոք դեռ չենք ստացել»։
Նշենք, որ այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ընտանեկան բռնության առնչվող փոփոխված օրենքը։ Օրենքի համահեղինակ, Աժ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանն անդրադառնալով փոփոխված օրենքին՝ նշեց․
«Մարդիկ ոչ միայն ամուսնական հարաբերությունների մեջ են, այլ նաև զուգընկերային, ու բնական է, որ այդ հարաբերությունները ևս պիտի օրենքով կարգավորվեն, որովհետև այս օրենքը ոչ թե ընտանիքի կամ ընտանեկան հարաբերությունների մեջ գտնվող անձանց կարգավիճակի մասին է, այլ հարաբերություններում բռնության, որտեղ մեկը վերահսկողական դիրք ունի։ Իրավապահ համակարգը ևս փաստել է, որ հաճախ երբ իրենց դիմում են նման իրավիճակներում հայտնված մարդիկ, օրենքի շրջանակը թույլ չի տալիս իրենց, որպեսզի այդ պաշտպանության մեխանիզմները տարածվել այն անձանց վրա, որոնք փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ չեն կամ գրանցված ամուսնություն չունեն, բայց ունեն զուգընկերային հարաբերություններ»։





























