Վերջին 4 օրերի ընթացքում Կոտայքի մարզում 2 ավազակային հարձակման դեպք գրանցվեց, իսկ գողերը մինչ օրս հայտնաբերված չեն: Կոտայքի մարզում լուրեր են շրջանառվում, որ նրանք նույն խմբավորման անդամներ են: Նման մտահոգություն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Կոտայքի մարզի բնակիչները:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում նոյեմբերի 21-ի գիշերը, ծեր ամուսինների տան վրա ավազակային հարձակում կատարած գողերը նրանց կտտանքների ենթարկելով տիրացել են 7,2 հազար դոլարին:

Իսկ նոյեմբերի 23-ին, ժամը 22.50-ին, Քանաքեռավան գյուղի, 11 փողոցի թիվ 19 տանը դիմակավորված անձի կողմից բռնություն է կիրառել տանը գտնվող անչափահաս 17-ամյա աղջկա Շաքեի նկատմամբ, այնուհետեւ տանից հափշտակելով մոտ 220.000 դրամ արժողության ոսկյա զարդեր` դիմել է փախուստի: Աղջկան տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանության Նաիրիի բաժին պետ` ոստիկանության գնդապետ Կարեն Գինոսյանին ուղղված NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ այս ավազակային հարձակման հեղինակները նույն խմբավորման անդամներ լինեն, նա  արձագանքեց. «Ոչ, բացարձակապես: Քանաքեռավանի ավազակային հարձակման հեղինակը մի հոգի է եղել, հետո ոչնչով զինված չի եղել: Նույնիսկ փայտ չի եղել նրա մոտ: Տանը միայն աղջիկն է եղել եւ, երբ գողը պահանջել է տան ունեցվածքը` աղջիկը վախից տվել է»:

Իսկ այն հարցին, թե մոտավոր կասկածներ կա՞ն, թե ով է գողը, նա պատասխանեց. «Հարձակվողը դիմակով է եղել, հետեւաբար աղջիկը չի կարողանում նկարագրել նրա դիմագծերը, որ ֆոտոռոբոտ կազմենք: Մենք մատնահետքերն ենք վերցրել, թեեւ չեմ կարող ասել դրանք հարձակվող մարդո՞ւնն է, թե` ոչ, քանի որ մուտքի դռան վրայից է վերցված, իսկ մուտքի դռանը բոլորն են ձեռք տալիս: Բոլորինը կստուգենք, եթե տուժողներինը չեղավ եւ լինի այլ անձի, դա կնշանակի ,որ գուցե նաեւ նրանն է»:

Կարեն Գինոսյանը տեղեկացրեց նաեւ, որ Քանաքեռավան գյուղի ավազակային հարձակման հետ կապված Քրեական գործ է հարուցել ավազակային հարձակում հատկանիշներով` Քր. Օր 178 հոդվածի, 2-րդ մասով: