Իսրայելի եւ ՀԱՄԱՍ շարժման հակամարտությունը հանգեցրել է Գազայի հատվածի բնակիչների 90 տոկոսի տեղահանմանը։ Այս մասին տեղեկացրել է պաղեստինյան տարածքներում ՄԱԿ հումանիտար օգնության համակարգման վարչության ղեկավար Անդրեա դե Դոմենիկոն։
«Մեր գնահատականներով՝ Գազայի հատվածում 10 բնակչից 9-ը տեղահանվել է առնվազն մեկ, եթե ոչ տասն անգամ, ցավոք, (2023թ.) հոկտեմբերից, երբ սկսվել է հակամարտությունն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ»,- տեղեկացրել է նա, նրա խոսքերը մեջբերել է Al Mayadeen լիբանանյան հեռուստաալիքը։ Դե Դոմենիկոն ավելացրել է, որ ներկա պահին տեղահանված անձանց թիվը կազմում է մոտ 1,9 մլն։ Վերոնշյալ վարչության գնահատմամբ՝ Գազայի հատվածի հյուսիսային մասում մինչ այժմ գտնվում է մոտ 350 հազար մարդ, որոնք չեն կարող տեղափոխվել անկլավի հարավային մաս։
Հունիսի 11-ին Հորդանանում տեղի է ունեցել Գազայի հումանիտար աջակցության համաժողով, նախաձեռնողներն էին Հորդանանի թագավոր Աբդալա II-ը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին եւ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։ Համաժողովի մասնակիցները դատապարտել են շարունակվող իսրայելական գործողությունը պաղեստինյան Ռաֆահ քաղաքում, ինչպես նաեւ հարձակումները տեղահանված անձանց ճամբարների, ՄԱԿ աշխատակիցների եւ հումանիտար ծառայությունների վրա։





























