Ազգային հարցերի լուծումը  որոնցից են ղարաբաղյան եւ հայ-թուրքական խնդիրները, չպետք է հակադրության մեջ դրվեն մարդու իրավունքների հետ: Այս մասին այսօր` նոյեմբերի 25-ին, Հայաստանի արտաքին մարտահրավերներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

«Այդ կոնֆլիկտներն ունեն օբյեկտիվ արմատներ, բայց կա լուրջ մի գործոն, դա Հայաստանի ոչ ժողովրդավարական վիճակն է: Ազգային խնդիրները չպետք է հակադրության մեջ դրվեն մարդու իրավունքների հետ: Սա մեր տարբերությունն է ծայրահեղ աջերից եւ ծայրահեղ ձախերից»,- ընդգծեց նա:

Սաֆարյանի ներկայացմամբ, հայ-թուրքական հարաբերությունների հարցում «Ժառանգության» դիրքորոշումը համընկնում է Դաշնակցության դիրքորոշման հետ, Հայաստանը պետք է հրաժարվի արձանագրություններից:

«Ղարաբաղյան հարցում «Ժառանգությունը» մնաց մենակ, քանի որ մյուս ուժերը դեմ արտահայտվեցին ԼՂՀ ճանաչմանը: «Ժառանգությունը» ոչ ձեւի համար, այլ իրական առաջնահերթություն է համարում եվրոպական ինտեգրումը:

Ժառանգության օրակարգում չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու օրակարգ, բայց ԵՄ-ին անդամակցելն առաջնահերթ է»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը: