Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (EFSD), Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և ջրօգտագործողների տեղական ընկերությունների ներկայացուցիչները հուլիսի 10-ին այցելել են «Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի շրջանակում կառուցված ոռոգման օբյեկտներ: Սա EFSD-ի և ՀՀ կառավարության՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող համատեղ ծրագիրն է։

Պատվիրակությունն այցելել է Արմավիրի մարզի Արշալույս համայնքի 1080 մետր երկարությամբ ջրանցքի վերականգնված հատվածը։ Այն ջրով ապահովում է Արշալույս համայնքի 500 հեկտար և Առատաշեն համայնքի 250 հեկտար հողատարածքը։

Լրագրողների հետ զրույցում Էջմիածնի ջրօգտագործողների ընկերության տնօրեն Նվեր Պետրոսյանը պարզաբանել է, որ ջրանցքի այս հատվածը շտապ վերանորոգման կարիք ուներ, քանի որ այստեղ ջուրը, հողերի մելիորացիայի տերմինաբանությամբ, մեխանիկական է, այսինքն՝ թանկարժեք. այն պոմպակայանի միջոցով մատակարարվում է Ակնալճից։ Ջրի կորուստները կազմել են մոտ 70%: Իսկ այս ջուրը թանկ է նստել պետության վրա՝ 1 խմ-ի ինքնարժեքը կազմել է 24 դրամ, իսկ օգտվողները մեկ խորանարդ մետրի համար 11 դրամ են վճարում։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի վերահսկողության բաժնի պետի տեղակալ Կարեն Դադոյանը նշեց, որ 6 մետր լայնությամբ հին ջրանցքը թեքություն չի ունեցել, և ջուրը լճացել է, գոլորշիացման պատճառով մեծ կորուստներ են եղել։ Նոր ջրանցքն էլ չափազանց նեղ է՝ 30 սմ թեքությամբ։

EFSD միջազգային խորհրդատու Ադիբեկ Ղազարյանը պարզաբանեց, որ արդիականացման շնորհիվ այս ոլորտում ջրի խնայողությունները ինքնաբերաբար էներգիայի խնայողության կհանգեցնեն:

EFSD-ի ծրագրային գործունեության ավագ մենեջեր, Հայաստանում ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ղեկավար Էրլան Ալիասկարովը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրի մանրամասները: Նա պատմեց, որ նախապատրաստական ​​աշխատանքները մեկնարկել են 2015 թվականին։ Նա նշել է, որ այդ ժամանակից ի վեր Հայաստանի Հանրապետության կառավարության հետ պայմանավորվել են գյուղատնտեսության արտադրողականության մակարդակը բարձրացնելու նպատակով աջակցություն ցուցաբերել ոռոգման նոր համակարգերի՝ հիմնական և օժանդակ ջրանցքների, ինչպես նաև ներտնտեսային համակարգերի վերականգնման և կառուցման հարցում, այսինքն՝ գետի սկզբնամասից կամ ինչ-որ  ջրավազանից սկսած՝ վերջացրած ագարակատերը։

«Ջրի պակասը էական խնդիր է Հայաստանի համար, և այս նախագիծը կոչված է նվազեցնելու այն»,- շետում է նա։

Ըստ նրա՝ Հիմնադրամի խորհուրդը նախագիծը հաստատել է 2015 թվականին։ Դրա իրականացման համար EFSD-ն 40 միլիոն դոլար արտոնյալ վարկ է հատկացրել, ևս 10 միլիոն դոլար հատկացրել է Հայաստանի կառավարությունը։ 2015 թվականի հոկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարության հետ պայմանագիր է կնքվել, այնուհետև կատարվել են գնումների ընթացակարգեր, իսկ բուն աշխատանքները մեկնարկել են 2017 թվականի սկզբից։

Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը ներառում է չորս բաղադրիչ.

էներգիայի ծախսերի նվազեցում։ Պոմպակայանների օգտագործման կրճատ այն վայրերում, որտեղ դա հնարավոր է, ջուրը ինքնահոս կերպով է գալիս։ Այս բաղադրիչի համար հատկացվել է 10 միլիոն դոլար։

Գոյություն ունեցող ջրառի և վերջնական սպառողի միջև գտնվող գլխավոր գծերի և օժանդակ ջրանցքների վերականգնում և կառուցում: Այս բաղադրիչի համար նույնպես 10 միլիոն դոլար է հատկացվել։

Ներտնտեսական համակարգերի կառուցում, երբ ջրանցքներից ջուրը մատակարարվում է ագարակատերերին և արդեն բաշխվում նրանց հողատարածքներին։ Այս բաղադրիչի համար մոտ 15 միլիոն դոլար է նախատեսվել։

Ինստիտուցիոնալ զարգացում։ Անցկացվում են սպասարկող անձնակազմի խորհրդատվություն, վերապատրաստում և ուսուցում: Այդ նպատակով հատկացվել է մոտ 5 միլիոն դոլար։

Հայաստանի ոռոգման համակարգի արդիականացման ծրագիրը կնվազեցնի ջրի կորուստները, որոնք որոշ տարածքներում հասել են 90%-ի։ Ծրագրի իրականացման շնորհիվ հանրապետությունում ոռոգելի հողատարածքները կավելանան գրեթե 35 հազար հեկտարով։ Կբարձրանա ոռոգման համակարգերի արդյունավետությունը՝ ներառյալ պոմպային համակարգերի փոխարեն ինքնահոս սկզբունքի կիրառման հաշվին տարեկան 14,4 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիայի խնայողությունը։

«Միաժամանակ EFSD-ի օժանդակությամբ Հայաստանի Հանրապետության ոռոգման ոլորտի զարգացման հայեցակարգ է մշակվել։ Հայեցակարգը պետք է դառնա երկրի ամբողջ ջրօգտագործման ռազմավարության մի մասը»,- նշում է Էրլան Ալիասկարովը:

Նա հավելեց, որ սկզբնական ծրագրով նախատեսվում էր վերականգնել Հայաստանի ոռոգման համակարգերի 340 հազար մետրը, սակայն ծախսերի 5 միլիոն դոլար խնայողության շնորհիվ այդ թիվը հասել է 400 հազար մետրի: Մասնավորապես, ջրանցքի այն հատվածը, որն այսօր այցելեցինք, հենց տնտեսված միջոցներով է կառուցվել։

Հայաստանի բոլոր մարզերն ընդգրկող ոռոգման համակարգի արդիականացման ծրագրի ավարտը նախատեսված է 2025 թվականի հունիսի 30-ին։ Սակայն, քանի որ Ալիասկարովը հաղորդակից էր դրաձրել իր ծրագրերին, հիմնադրամը ներկայում քննարկում է Հայաստանում ոռոգման նոր ծրագիր իրագործելու հնարավորությունը։

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը (նախկինում՝ ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամ) 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի մասնակցությամբ ստեղծված ավելի քան 9 միլիարդ դոլար ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է։

Հիմնադրամը ստեղծվել է ճգնաժամի բացասական հետևանքները հաղթահարելու, երկարաժամկետ կայունություն ապահովելու և Հիմնադրամի անդամ երկրների տնտեսությունների ինտեգրմանը նպաստելու միտումով։

Հիմնադրամը Հայաստանում ավելի քան 630 միլիոն դոլարի ավելի քան 10 ծրագիր է կյանքի կոչում։ Դրանցից ամենամեծը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի 150 միլիոն դոլար արժողությամբ չորրորդ փուլի կառուցման նախագիծն է։ Դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում նաև Հայաստանի սոցիալական և առողջապահական ոլորտներում։