Եվրահանձնաժողովը ձևավորել է պաշտոնյաներից կազմված հատուկ խումբ, որը մշակում է  ԱՄՆ նախագահական ընտրությունների հետևանքներին արձագանքելու ռազմավարություն: Այս մասին հայտնում է The Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Խմբի նպատակների մասին հայտնած երեք մարդու տեղեկությամբ, ԵՀ-ն պատրաստվում է Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն հնարավոր վերադարձին, ինչպես նաև որոշում է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Քամալա Հարիսի նախագահությունը ԵՄ-ի վրա, և ինչպես պետք է Բրյուսելը պատրաստ լինի ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո քաղաքականության փոփոխություններին և ինչպես պետք է արձագանքի դրանց։

Խումբը ձևավորվել է հանձնաժողովի գլխավոր քարտուղար Իլզե Յուհանսոնեի գրասենյակի կողմից և ներառում է սակավաթիվ պաշտոնյաների, որոնք ներկայացնում են հանձնաժողովի տնօրինությունները, և զբաղվում  առևտրի, մրցակցության և արտաքին հարաբերությունների հարցերով:

Բրյուսելը խորապես անհանգստացած է, որ Թրամփը կարող է օգտագործել իր երկրորդ ժամկետը՝ ԵՄ արտահանման համար ցավագին մաքսատուրքեր սահմանելու, Ուկրաինային ԱՄՆ ռազմական և ֆինանսական աջակցությունը դադարեցնելու և պատերազմի դադարեցման Մոսկվայի պայմանների ընդունումը Կիևին հարկադրելու համար:

Եվրոպացի դաշնակիցները նաև անհանգստացած են, որ Թրամփը կարող է իրագործել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից դուրս բերելու իր նախկին սպառնալիքները կամ էապես խաթարել փոխադարձ պաշտպանության դրույթը այն երկրների համար, որոնք, նրա  կարծիքով, բավարար ծախսեր չեն անում պաշտպանության վրա:

Խումբը նախատեսում է սեպտեմբերին ակտիվացնել իր աշխատանքը և ընդլայնել շփումները ԵՄ կառավարությունների հետ, որպեսզի կարծիքներ  և գաղափարներ փոխանակի ԵՄ հնարավոր խոցելիության գնահատման և բացասական որոշումները մեղմելու վերաբերյալ:

Նաև ուշադրություն է դարձվում հաղորդակցման ծրագրերի մշակմանը՝  Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության էական փոփոխությունների դեպքում, ինչպես, օրինակ, ԵՄ հարկատուների կողմից Ուկրաինայի պաշտպանությանն ավելի մեծ ներդրում անելու անհրաժեշտությունը:

Հանձնաժողովը հայտարարել է, որ «պատրաստվում է ԱՄՆ ընտրություններին» և որ «դիտարկվում են բոլոր հնարավոր արդյունքները»՝ հավելելով, որ «հավատարիմ է ԱՄՆ-ի հետ ամուր գործընկերության պահպանմանը»։