Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հաստատել է ԵՄ-ի կողմից Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դատապարտումը և կոչ արել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Այս հայտարարությունը Բորելը հրապարակել է Բելառուսում 2020 թվականի օգոստոսի 9-ին անցկացված նախագահական կեղծված ընտրությունների չորրորդ տարեդարձի նախօրեին։
ԵՄ բարձրաստիճան դիվանագետը հիշեցրել է Բելառուսում ընտրակեղծիքների դեմ լայնածավալ բողոքի ցույցերը, որոնց Լուկաշենկոյի ռեժիմը «պատասխանեց սեփական ժողովրդի դեմ բռնության և ահաբեկման զանգվածային արշավով»։
«Այս պահին անազատության մեջ է մոտ 1400 քաղբանտարկյալ։ Նրանք ներկայացնում են 2020 թվականից ի վեր քաղաքական դրդապատճառներով բանտարկված և ազատ արձակված հազարավոր մարդկանց միայն մի մասը», - հիշեցրել է Բորելը` նշելով, որ բելառուսական բանտերում մահացել է առնվազն վեց քաղբանտարկյալ:
Նա նշել է նաև, որ Լուկաշենկոյի ռեժիմը մեղսակից է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին, որի արդյունքում «Բելառուսի ինքնիշխանությունն ու ինքնությունն ավելի ու ավելի են վտանգվում»:





























