Գերմանացի երեք զբոսաշրջիկներ պատասխանատվության են ենթարկվել այն բանից հետո, երբ «գնդակոծությունների» շարք են կազմակերպել փեյնտբոլի գնդակներով՝ փչացնելով ճանապարհային նշանները, զուգարանները եւ աղբամանները ԱՄՆ Ջոշուա-Թրի Ազգային պարկում, տեղեկացրել է GMA-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։
Կիրակի Ազգային պարկում Ջամբո Ռոքս քեմփինգը հսկող ռեյնջերը նկատել է «փեյնտբոլի թարմ դեղին հետքեր շինությունների եւ նշանների վրա», նշվել է Ազգային պարկերի ծառայության հաղորդագրությունում։
«Իրավապահ մարմինների ռեյնջերները կանչվել են քեմպինգ եւ հայտնաբերել պարսատիկ ավտոմեքենայում,- տեղեկացրել են պաշտոնական ներկայացուցիչները։- Հարցաքննությունից հետո այցելուները խոստովանել են, որ նախօրեի երեկոյան կրակել են փեյնտբոլի գնդակներով փեյնտբոլի ատրճանակից եւ պարսատիկից»։
Ռեյնջերները խուզարկել են մեքենան եւ հայտնաբերել «երեք պարսատիկ, փեյնտբոլի ատրճանակ, գնդակներ եւ այլ սարքեր»,- նշել են այգու ներկայացուցիչները։
Հետագա հետաքննության ընթացքում ռեյնջերները նաեւ պարզել են, որ մոտ 11 ճանապարհային նշան այգու երկայնքով ներկվել է դեղին ներկով։
Իրավապահ մարմինների ռեյնջերները երեք կասկածյալներից յուրաքանչյուրին տեղեկացրել են վանդալիզմի վերաբերյալ դաշնային օրենսդրության խախտման մասին։ Այս խախտումը նախատեսում է առավելագույն պատիժ 5 000 դոլար տուգանքի եւ մինչեւ վեց ամսվա բանտարկության տեսքով։




























