Երեք սահմանամերձ շրջաններում հակաահաբեկչական գործողության (ՀԱԳ) եւ ոչ թե ռազմական դրության ընտրությունը վկայում է այն մասին, որ Կրեմլը փորձում է նվազեցնել ուկրաինական ներխուժման մասշտաբները Կուրսկի մարզում։ Այս մասին գրում են Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտիվ երլուծաբանները, տեղեկացրել է BBC-ն։

ՀԱԳ ռեժիմը, որը հայտարարվել է օգոստոսի 9-ին Բելգորոդի, Բրյանսկի եւ Կուրսկի մարզերում՝ ի պատասխան Ռուսաստանի տարածք ուկրաինական զորքերի ներխուժման, վկայում է, որ Կրեմլը չի ցանկանում ավելի արմատական միջոցներ ձեռնարկել, կարծում են ISW-ում։

Ինստիտուտի վերլուծաբանների կարծիքով՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին նշանակել է ՀԱԳ ղեկավար, որովհետեւ նա լավ մենեջեր է եղել ճգմաժամերի ժամանակ, որոնք սպառնացել են Ռուսաստանի ներքին կայունությանը եւ Կրեմլի ռեժիմին։ Սակայն ՀԱԳ ղեկավարման բարդ սխեման ԱԴԾ ուժերի կողմից կարող է նվազեցնել ռուսական պատասխանի արդյունավետությունն ուկրաինական այդ գործողությանը, չեն բացառում ISW-ի վերլուծաբանները։

Գործադրված ռուսական ուժերի կազմը բավական խայտաբղետ է՝ թե՛ Կուրսկի մարզում գտնվող զինակոչիկներ, թե՛ «Հյուսիս» խմբավորման զորամասեր, թե՛ ստորաբաժանումներ, որոնք նետվել են Կուրսկի մարզ պակաս գերակա ճակատային շրջաններից։ Հավանաբար, դա խորացնում է Ռուսաստանի պատասխան գործողությունների ապակազմակերպվածությունը, կարծում են ինստիտուտի վերլուծաբանները։