Իտալիայի կառավարությունը որոշել է կրկնակի բարձրացնել ապահովված օտարերկրացիների հարկը, որոնք տեղափոխվել են Իտալիա՝ ապրելու համար։ Ամենամյա հարկի չափը 100 000-ից կհասցվի տարեկան 200 000-ի, տեղեկացրել է Financial Times թերթը։
Իտալիայի ֆինանսների նախարարությունում նշել են, որ նոր հարկաչափը տարածվելու է միայն այն օտարերկրացիների վրա, որոնք կտեղափոխվեն Իտալիա հարկը մտցվելուց հետո, իսկ մյուսների համար կպահպանվի նախկին չափը, տեղեկացրել է ERR-ը։
Միլանում՝ Իտալիայի գործարար մայրաքաղաքում, հարկի նախորդ՝ 100 000 չափը դժգոհություն էր առաջացրել իտալացիների շրջանում։ Կառավարությունը հարկի բարձրացմամբ փորձում է արձագանքել այդ դժգոհությանը։
Իտալիան հատուկ հարկային ռեժիմ է մտցրել բրեքսիթից հետո, երբ Մեծ Բրիտանիայում ապրող շատ եվրոպացիներ որոշեցին տուն վերադառնալ։ Իտալիան այդ ժամանակ թույլ տվեց հարուստ օտարերկրացիներին, ինչպես նաեւ իտալացիներին, որոնք ապրում էին արտասահմանում ավելի քան ինը տարի, Իտալիա տեղափոխվելու դեպքում վճարել տարեկան 100 000 եվրո արտասահմանում իրենց ստացած եկամտից՝ առնվազն 15 տարի։ Նշվել է, որ այդ սխեմայի շնորհիվ ներկայում Իտալիա է տեղափոխվել առնվազն 2 730 մուլտիմիլիոնատեր։
Հարկի կրկնապատկումը նվազեցնում է հարուստների ցանկությունը՝ տեղափոխվել Իտալիա, բայց այն նախկինի պես գրավիչ երկիր է մնում 8-10 մլն եվրո ակտիվներ ունեցող մարդկանց համար։ Իտալիայի պետբյուջեի դեֆիցիտը կազմում է ՀՆԱ 7,4 տոկոսը, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում է ԵՄ թույլատրած առավելագույնը։





























