Չինաստանում տաքսիների և սպասարկող մեքենաների վարորդներին անհանգստացնում է ռոբոտաքսիների աճող ժողովրդականությունը: Ուհանից 36-ամյա վարորդ Լյու Յին վերջերս սկսել է աշխատել որպես տաքսու վարորդ՝ շինարարական աշխատանքների դանդաղման պատճառով, սակայն այժմ նա նոր ճգնաժամ է կանխատեսում, հայտնում է 32cars պորտալը։ Նրա համոզմամբ, այնպիսի ընկերությունների ռոբոտաշինությունը, ինչպիսին է Baidu-ի դուստր ձեռնարկությունը, Apollo Go-ն, կարող է վարորդներին զրկել աշխատանքից:
Ինքնակառավարման տեխնոլոգիան դեռ փորձնական փուլում է, սակայն Չինաստանն ագրեսիվորեն առաջ է տանում ռոբոտաքսիների փորձարկումները: Ըստ Reuters-ի՝ առնվազն 19 չինական քաղաքներ փորձարկում են ռոբոտաքսիներ և ռոբոբուսներ, և դրանցից յոթն արդեն հաստատել են առանց վարորդ-դիտորդների թեստերը: Apollo Go-ն նախատեսում է մինչև տարեվերջ Ուհանում տեղակայել 1000 ռոբոտաքսի, որոնք երկրի 100 քաղաքում կգործեն մինչև 2030 թվականը:
Լյուի և նրա գործընկեր Վան Գուոցյանի նման վարորդները ռոբոտաշինությունը համարում են իրենց ապրուստի հիմնական սպառնալիքը: 63-ամյա վարորդ Վանգի համոզմամբ՝ տաքսի վարելը ցածր եկամուտ ունեցող շատ մարդկանց համար վերջին հնարավորությունն է: Ինքնավար մեքենաների գալուստով նրանք կարող են կորցնել հանապազօրյա հացը վաստակելու հնարավորությունը։
Տնտեսագետները նշում են, որ ավտոմատացումը երկարաժամկետ հեռանկարում կարող է շահավետ լինել Չինաստանի համար՝ նրա բնակչության կրճատման պատճառով: Ընդսմին, կարճաժամկետ հեռանկարում նոր աշխատատեղերի ստեղծման և հին աշխատատեղերի վերացման միջև անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել: Տեխնոլոգիական առաջընթացը պետք է աստիճանաբար լինի՝ սոցիալական ցնցումները նվազագույնի հասցնելու միտումով:





























