Գործադուլի 33-րդ օրը վրացական «Evolution Georgia» օնլայն-խաղատան երեք աշխատակիցներ դիմել են բողոքի ծայրահեղ միջոցին՝ հացադուլ հայտարարելով։ Նրանց խոսքով՝ նրանք այն չեն դադարեցնի, քանի դեռ չեն կատարվել ընդվզողների պահանջները, գրել է Jam News-ը։
«Evolution Georgia»-ի աշխատակիցների գործադուլն սկսվել է հուլիսի 12-ին։ Մասնակցում է 5 000 մարդ (աշխատակիցների կեսից ավելին)։ Սակայն խաղատան ղեկավարությունը հավաստիացնում է, որ բողոքում է միայն 800 մարդ։ Հիմնական պահանջը աշխատավարձի բարձրացումն է եւ աշխատանքի պատշաճ պայմանների ստեղծումը։
Գյուղատնտեսության, առեւտրի եւ արդյունաբերության աշխատողների «Աշխատանք» արհմիությունը հավաստիացնում է, որ գործադուլը եւ հացադուլը անժամկետ են։ Օգոստոսի 12-ին նրանք հանդես են եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ «Evolution Georgia» ընկերությունը սկսել է ներգրավել չպարզված անձանց, որոնք իրենց ագրեսիվ եւ սադրիչ են պահում ընդվզողների հանդեպ։
«Evolution Georgia»-ի աշխատակիցները ընկերության ղեկավարությանն են ուղարկել 44 դիմում։ Բանակցային գործընթացը սկսվել է հունիսի 4-ին, մինչեւ գործադուլի հայտարարումը, եւ ավարտվել է հունիսի 24-ին՝ որեւէ արդյունք չտալով։
Օգոստոսի 5-ին «Evolution Georgia» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ եթե իրավիճակը չփոխվի, այն կդադարեցնի աշխատանքը Վրաստանում։




























