ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել ՆԱՏՕ-ի իր դաշնակից Գերմանիային մոտ 5 միլիարդ դոլարով մինչև 600 Patriot զենիթահրթիռային համալիրների հնարավոր վաճառքին, հայտնում է Պենտագոնը։
«Առաջարկվող վաճառքը կբարելավի Գերմանիայի հնարավորությւոնները՝ դիմակայելու ներկա և ապագա սպառնալիքներին և կբարձրացնի նրա զինված ուժերի պաշտպանունակությունը», - ասվում է ԱՄՆ Պաշտպանության նախարարության պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության հայտարարության մեջ:
Պենտագոնը հայտնել է, որ հնարավոր վաճառքի, որը ներառում է նաև համապատասխան սարքավորումներ և տեխնիկական աջակցություն, գլխավոր կապալառուն կլինի Lockheed Martin ընկերությունը:
Գործակալությունը հինգշաբթի օրը իրազեկել էր ԱՄՆ Կոնգրեսին հնարավոր վաճառքի մասին։
ՆԱՏՕ-ի նոր պաշտպանական ծրագրերի համաձայն, Գերմանիան պետք է քառապատկի իր հակաօդային պաշտպանության համակարգերը՝ լուրջ լարվածության կամ պատերազմի դեպքում իր ենթակառուցվածքն ու ռազմական ուժերը պաշտպանելու համար, անցյալ ամիս Reuters-ին էր ասել անվտանգության ոլորտի աղբյուրներից մեկը:
Երբ Գերմանիան Սառը պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ի առաջնագծի երկիրն էր, ուներ 36 Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք հրթիռներ էին արձակում: Այսօր Գերմանիայում դրանց թիվը նվազել է մինչև ինը Patriot-ի այն բանից հետո, երբ երեքը տրամադրվել են Ուկրաինային 2022 թվականին սկսված պատերազմի պատճառով:





























