Խորվաթիան հաջորդ տարվա հունվարի 1-ից կրկին երկամսյա պարտադիր զինվորական ծառայություն կմտցնի, հինգշաբթի հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իվան Անուշիչը, հաղորդում է AP-ն։
Այս քայլը տեղի է ունենում Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո Եվրոպայում բարձր լարվածության, ինչպես նաև Բալկաններում սպառազինությունների ակնհայտ մրցավազքի և ռազմական ներուժի մեծացման ֆոնին, գրում են լրատվամիջոցները:
«Մենք բարձրացրել ենք զինվորների, սերժանտների և սպաների աշխատավարձերը, նրանց նյութական իրավունքները՝ ոչ միայն անձնական եկամուտների, այլև օրավարձի և այն ամենի հաշվին, ինչի իրավունքը նրանք ունեն», - հինգշաբթի ասել է նախարարը խորվաթական RTL հեռուստաալիքին։
«Զինված ուժերի արդիականացումն ու հագեցումն ընթանում է ըստ ծրագրի և համաձայն մեր դաշնակիցների և ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ պայմանավորվածության»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այս ոլորտում ծախսերի խնայողություն չի լինելու։
Այս որոշումը նշանակում է վերադարձ զորակոչին, որը դադարեցվել էր 2008 թվականին, երբ երկիրն անցավ կամավոր հիմունքների:





























