Ատլանտյան օվկիանոսում գերխորը հորատումը հաջողությամբ է պակվել։ Գիտնականները կարողացել են նայել «տեկտոնիկ պատուհանի» միջով և Երկրի վերին միջնապատյանի ավելի քան մեկ կիլոմետր երկարությամբ գրեթե չընդհատվող նմուշ հանել: Հանքային բաղադրության վերլուծությունը առաջին անակնկալները մատուցեց, գրում է nud-science-ը։

2023 թվականի ապրիլից հունիս ամիսներին գիտնականներն աշխատել են Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի Ատլանտիս զանգվածում՝ JOIDES Resolution նավից:  

Սկզբում մասնագետները փորել են 55 մետր փորձնական հորատանցք, ապա 1268 մետրանոց U1601C-ը: Դուրս է բերվել գրեթե ամբողջական հանուկ, ինչը հնարավորություն է տվել մանրամասն ուսումնասիրել դրա հանքային բաղադրությունը։ Գիտնականների միջազգային թիմի այս աշխատանքի արդյունքները հրապարակվել են Science ամսագրում:

«Երբ անցյալ տարի մենք նմուշներ ձեռքբերեցինք, դա նշանակալի իրադարձություն էր Երկրի մասին գիտության պատմության մեջ: Ավելի մեծ նշանակություն ունի այն, թե դրանք ինչ կպատմեն մեր մոլորակի կազմի և էվոլյուցիայի մասին», - ասում է հետազոտության առաջատար հեղինակ, պրոֆեսոր Յոհան Լիսենբերգը Քարդիֆի համալսարանից (Մեծ Բրիտանիա):

Արդյունքները որոշ չափով անսպասելի էին. նմուշները պարունակում էին ավելի քիչ պիրոքսեն՝ սիլիկատային միներալ, որով հարուստ է օվկիանոսային կեղևը և միջնապատյանը: Իսկ մագնեզիումի խտությունն, ընդհակառակը, գերազանցել է մոդելների կանխատեսած արժեքները։ Հավանաբար, ընդերքից հանված ապարները շատ ավելի ուժեղ են հալվել։

«Սա կօգնի հասկանալ, թե ինչպես է միջնապատյանը հալչում և սնուցում հրաբուխները, հատկապես նրանք, որոնք գտնվում են օվկիանոսների հատակին: Մենք կկարողանանք կապ հաստատել հրաբխի և սկզբնական մագմատիկ աղբյուրի միջև»,- պարզաբանել է Լիսենբերգը։

Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում ծովի ջրի փոխազդեցությունը օլիվինի հետ, որը ընդերքում տարածված մեկ այլ սիլիկատային հանքանյութ է: Քիմիական մի շարք փոխակերպումների արդյունքում ջրածին  և այլ մոլեկուլներ են արտազատվում, որոնք կարող են ապահովել կյանքը: Չի բացառվում, որ  վաղ Երկրի վրա սա առանցքային գործընթացներից մեկն է եղել: