«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ, 2011թ. նոյեմբեր Ամսվա մարդ է ճանաչվել ջավախահայ ակտիվիստ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը` Զավախքի իրավունքների համար պայքարի ոգին նույնիսկ իր անազատությամբ արթուն պահելու համար:

«Չախալյանի երեսուն ամյակը լրացավ նոյեմբերի 28-ին: Նա ավելի քան 3 տարի գտնվում է կալանավայրում` վրաց իշխանությունների կողմից դատապարտված լինելով 10 տարվա ազատազրկման մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա, սակայն, իրականում, ջավախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար:

Իր կյանքի 31-րդ գարունը Վահագն Չախալյանը պետք է դիմավորի ազատության մեջ, եւ այս հարցում Թբիլիսիում գտնվող Սերժ Սարգսյանը լուրջ անելիք ուներ: Բայց, ավաղ, Չախալյան անունը հայ-վրացական բանակցություններում այդպես էլ չհնչեց»,-ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008թ. հուլիսի 21-ին, իսկ 2009թ. ապրիլի 7-ին բոլոր պատիժների գումարման սկզբունքի կիրառմամբ, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման եւ ակտիվ մասնակցության» (Վրաստանի քր. օրենսգրքի  226- րդ հոդված), «իշխանության ներկայացուցչի դեմ խուլիգանության» (239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետ) եւ «զենք-զինամթերքի պահպանման» (236-րդ հոդվածի 1-ին մաս) համար:

Չախալյանը բողոք է ներկայացրել վրաց իշխանությունների դեմ Մարդու իրավունքների eվրոպական դատարան: Բողոքի քննությունը ներկայումս ընթացքի մեջ է: