Առաջին դատավճիռն ընդունվել է Մախաչկալայի օդանավակայանի անկարգությունների մասնակիցների նկատմամբ։ Ըստ «Известия»-ի՝ դրա մասին ուրբաթ՝ օգոստոսի 23-ին, հայտնել է Կրասնոդարի երկրամասի դատարանների միասնական մամուլի ծառայությունը։

«Արմավիրի քաղաքային դատարանը հրապարակել է Անվարբեկ Աթաևի, Իսլամ Իբրահիմովի, Մագոմեդ Օմարասխաբովի, Սալիկ Ռամազանովի և Ռաբադան Ռաջաբովի նկատմամբ կայացված վճիռը»,- ասված է դատավճռում։

Նրանք բոլորը մեղավոր են ճանաչվել ՌԴ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ («Մասնակցություն զանգվածային անկարգություններին»): Բացի դրանից, Ռաջաբովը մեղավոր է ճանաչվել նաև ՌԴ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում»):

Դատավարության ընթացքում գործով ամբաստանյալները չեն ընդունել իրենց մեղքը, սակայն մեղավորությունը պարզվել է գործով ուսումնասիրված ապացույցներից։

Դատարանը Աթաևին, Իբրահիմովին և Ռամազանովին դատապարտել է՝ վեց տարի 4 ամիս ժամկետով, իսկ Օմարասխաբովին՝ վեց տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման։

«Ռաջաբովը` կատարված հանցագործությունների միագումարությունից ելնելով, պատժաչափերի մասնակի ավելացմամբ` դատապարտվել է ինը տարի ազատազրկման:

Դատապարտյալները պետք է իրենց պատիժը կրեն ընդհանուր ռեժիմի գաղութներում։ Դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել»,- պարզաբանել են մամուլի ծառայությունից։

Մախաչկալայի օդանավակայանի մոտ անկարգությունները սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերի 29-ի երեկոյան։ Մասնակիցները եկել էին հակաիսրայելական ցուցապաստառներով և վանկարկել Պաղեստինին աջակցող կարգախոսներ։

Ինչ-որ պահի ամբոխի մի մասը կոտրել է մուտքի դռները և ներխուժել օդանավակայանի տերմինալի շենք։ Օդանավակայանին պատճառված վնասը կազմել է ավելի քան 285 միլիոն ռուբլի։