Columbia University-ի գիտնականները կարեւոր հայտնագործություն են կատարել, որը կարող է փոխել մեր պատկերացումներն այն մասին, թե ինչպես է աշխատում գենետիկ ինֆորմացիան բջիջներում։ Ընդունված էր կարծել, որ գեները, որոնք տեղեկություն են կրում այն մասին, թե ինչպես է գործում օրգանիզմը, գտնվում են բացառապես քրոմոսոմներում։ Բայց նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մանրէները կարող են ստեղծել ժամանակավոր գեներ, որոնք կարող են ազատ տեղափոխվել եւ անհետանալ, տեղեկացրել է Planet Today-ը։
Science պորտալի համաձայն՝ այդ գեները ձեւավորվում են հակառակ տրանսկրիպտազայի (DRT) հատուկ համակարգերի օգնությամբ, որոնք պաշտպանում են մանրէները վիրուսային վարակից։ Գիտնականները հայտնաբերել են, որ նման համակարգերից մեկը՝ DRT2-ն, կարող է ստեղծել նոր գեներ հենց ի պատասխան սպառնալիքի։ Այդ պրոցեսը տեղի է ունենում բարդ մեխանիզմի միջոցով, որում չկոդավորված ՌՆԹ-ն (ncRNA) ծառայում է որպես շաբլոն ԴՆԹ երկար շղթաների ստեղծման համար։ Երբ վիրուսը թափանցում է բջիջ, այդ շղթաները վերածվում են երկշղթա ԴՆԹ-ի, որը կոդավորում է հատուկ սպիտակուց։ Այդ սպիտակուցը կանգնեցնում է բջիջների աճը եւ այդ կերպ խանգարում վիրուսի տարածմանը։
Այս բացահայտումը ցույց է տալիս, որ գենետիկ ինֆորմացիան կարող է լինել ավելի ճկուն եւ դինամիկ, քան կարծում էին մինչ այդ։ Քրոմոսոմներում կոշտ կերպով ամրացված լինելու փոխարեն այն կարող է փոխվել եւ հարմարվել դրսի սպառնալիքներին, ինչը նոր շերտ է ավելացնում կենսաբանության եւ մանրէների իմունիտետի մասին մեր պատկերացումներին։




























