Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ գործարար Իլոն Մասկը չի կարող մշտական հիմունքներով աշխատել իր վարչակազմում՝ ընտրություններում հաղթանակի դեպքում, բայց կարող է դառնալ իր խորհրդականը արհեստական բանականության գծով։ Նախկին նախագահն այսպիսի կարծիք է հայտնել The Shawn Ryan Show պոդկաստում։

«[Մասկը] ղեկավարում է խոշոր ընկերություններ, ուստի չեմ կարծում, թե նա կկարողանար մտնել [ԱՄՆ] կառավարության կազմ։ Իհարկե, ես նրան կառաջարկեի պաշտոն վարչակազմում, բայց չգիտեմ, թե ինչպես նա կհասցնի ամեն բան՝ նկատի ունենալով  նրա զբաղվածությունը»,- նշել է Թրամփը։

Մասկը, նախագահի թեկնածուի խոսքով, կցանկանար այս կամ այն կերպ «մասնակցել կառավարության աշխատանքին» եւ զբաղվել «ծախսերի օպտիմալացմամբ»։ Թրամփը նշել է, որ «հիանալի հարաբերություններ» ունի գործարարի հետ, եւ որ կցանկանար նրան տեսնել որպես իր խորհրդական տարբեր հարցերի գծով, մասնավորապես՝ «արհեստական բանականության ոլորտում»։