Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Բելգրադ կատարած երկօրյա այցի ընթացքում, հինգշաբթի երեկոյան, Սերբիան պայմանագիր է ստորագրել ֆրանսիական ընկերությունից 12 միավոր նոր Rafale կործանիչ գնելու մասին, հաղորդում է Balkan Insight-ը:

2,7 միլիարդ եվրո արժողությամբ պայմանագիրը Ֆրանսիայի և Սերբիայի նախագահներ Էմանուել Մակրոնի և Ալեքսանդր Վուչիչի ներկայությամբ ստորագրել են Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը և ֆրանսիական Dassault Aviation ընկերության խորհրդի նախագահ Էրիկ Թրապյեն։ Ստորագրումից հետո Վուչիչը հայտարարել է, որ Dassault-ի հետ պայմանագիրը «վիթխարի նորություն է»:

«Պայմանագիրը կնքվել է օժանդակ լոգիստիկ ծառայությունների ամբողջական փաթեթով։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 2,7 միլիարդ եվրո է, 12 ամբողջովին նոր ինքնաթիռները կդառնան Սերբիայի Հանրապետության սեփականությունը»,- ասել է նա։

Իր հերթին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն հայտարարել է, որ գործարքն արտացոլում է Եվրոպայի ռազմավարական ինքնավարության ամրապնդման շարունակական գործընթացը: Այն ներառում է ռազմական տեխնիկայի ձեռքբերման գործարքների կնքումը ԵՄ թեկնածու երկրների, ինչպես նաև դաշինքի անդամ երկրների հետ։

«Հենց այդ պատճառով Rafale ինքնաթիռի ընտրությունն ակնառու ընտրություն է, որն ուժեղ, ինքնիշխան Եվրամիության շրջանակում արտացոլում է մեր երկու երկրների միջև երկարաժամկետ դաշինքի ձգտումը», - նշել է Մակրոնը։

Բացի Rafale նախագծին առնչվող պայմանագրերից, երկու երկրների ներկայացուցիչները ստորագրել են գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, հանքարդյունաբերության և ատոմային էներգետիկայի ոլորտներում համագործակցության մտադրությունների մասին պայմանագրեր և հայտարարություններ:

Վուչիչն նշել է, որ ինքը Ֆրանսիայի ղեկավարին «թախանձագին խնդրել է»  միջուկային ծրագրերի շուրջ հնարավոր համագործակցության շուրջ համաձայնագիր մշակել։

«Տասը տարի հետո Սերբիան չի ունենա բավարար էլեկտրաէներգիա, եթե միջուկային էներգիան չօգտագործի»,- ընդգծել է Վուչիչը։