Սահմանափակ հնարավորություններով մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ, դեկտեմբերի 2-ին, Բրիտանական խորհուրդը կազմակերպում է «Չորս զգայարան» ինտերակտիվ միջոցառումը, որի նպատակն է բարձրացնել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հարցերի հանդեպ հասարակության իրազեկության մակարդակը:
Ինտերակտիվ միջոցառումը հնարավորություն կտա զգալ շրջապատող միջավայրը ձայնի, համի, հոտի եւ շոշափելիքի միջոցով:
Քաղաքական, հասարակական ոլորտի ներկայացուցիչները եւ գործատուները կմասնակցեն գինու կույր համտեսմանը: Ամբողջովին մութ սենյակում հյուրերին կմատուցվի գինի: Հյուրերը հնարավորություն կունենան համտեսել գինին, լսել երաժշտություն, իսկ գինու բույրի եւ շոշափելիքի միջոցով կողմոնորոշվել միջավայրում:
Հատուկ այս միջոցառման համար կնվագեն տեսողական խնդիրներ ունեցող երաժիշտները, իսկ գինին կմատուցեն հատուկ ակնոցներով զինված դերասանները: Համտեսման ընթացքում դերասան-մատուցողները կստեղծեն իրավիճակներ, որոնց ընթացքում հյուրերը, օգտագործելով հինգ զգայարաններից չորսը, կզգան ու յուրովի կգնահատեն կույրերի աշխարհը, այսպիսով` հասկանալով նրանց խնդիրներն առօրյա կյանքում:
«Սա, իսկապես, հետաքրքրական եւ յուրօրինակ միջոցառում է, ինչը հնարավորություն կտա նորովի դիտարկել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հիմնահարցերը: Տեսողական խնդիրներ ունեցող մարդը կարող է եւ պետք է լինի հասարակության լիարժեք մասնիկը: Այս միջոցառումը կօգնի կոտրել մեր հասարակությունում առկա կարծրատիպերը»,- ասել է Հայաստանի կույրերի միավորման մշակույթի տան տնօրեն Յուրի Ավետիսյանը:
Գինու համտեսումից հետո հյուրերն արդեն լուսավոր սրահներում կքննարկեն կույրերի խնդիրները եւ կպատմեն, թե տվյալ իրավիճակում չորս զգայարանից որն էր առավել գերակշիռ մութ սենյակում: Գործատուները միջոցառման ընթացքում տեղում կշփվեն տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հետ եւ կքննարկեն իրենց կազմակերպություններում նրանց ներգրավելու հնարավորությունները:
Բրիտանական խորհուրդը որդեգրել է հավասար հնարավորությունների եւ բազմազանության քաղաքականություն, որն արգելում է խտրականության ցանկացած դրսեւորում: «Չորս զգայարան» ինտերակտիվ միջոցառումը կազմակերպվում է հավասարությանն ու բազմազանությանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում:




























