Կառավարության  շենքի դիմաց, այսօր` դեկտեմբերի 1-ին, կայացել է բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների հարազատների բողոքի ակցիան:

Կառավարության դիմաց ակցիա էին անցկացնում նաեւ պետական կարիքների զոհերը, որոնց ներկա տները քանդել են եւ տեղում կառուցել Հյուսիսային պողոտան:

Վերջիններս այսօր անհամեմատ ակտիվ էին եւ ինչ-որ պահի որոշեցին գրոհել եւ մեծ խմբով մտնել կառավարության շենք:

Ոստիկանության աշխատակիցները անմիջապես փակեցին կառավարության շենքի մուտքը:

Այսօր ոստիկանները, մասնավորապես, Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, զարմանալիորեն, չափից դուրս սիրալիր էին ցուցարարների նկատմամբ: Նրանք մոտենում էին ցուցարարներին, զրուցում բանակում զինվոր կորցրած ծնողների հետ, նշում, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կընդունի իրենց: Ի պատասխան, զինվորների հարազատները նշեցին, որ Վ. Գասպարյանը նախքան ոստիկանապետ դառնալը եղել է պաշտպանության փոխնախարար եւ որ իրենք շատ լավ գիտեն  նրա աշխատաոճը:

Ցույցի ժամանակ փոքրիկ միջադեպ գրանցվեց. մի կին եկավ կանգնեց ցուցարարների մոտ եւ սկսեց հայտարարել, թե շնորհակալություն է հայտնում Սերժ Սարգսյանին, սակայն ոստիկաններն անմիջապես նրան տեղափոխեցին` խուսափելու համար սադրանքից: