Մինչեւ 2 տարեկան երեխաների համար առհասարակ ցանկալի չէ ժամանակ անցկացնել գաջեթների էկրանների առջեւ, իսկ դեռահասները պետք է այն սահմանափակեն առավելագույնը երեք ժամով։ Այս խորհուրդները հրապարակել է Հանրային առողջապահության վարչությունը։
Մինչ այդ գերատեսչությունը ծնողներին որեւէ խորհուրդ չէր տվել, թե ինչպես կարգավորեն իրենց երեխաների ժամանակը թվային մեդիաներում։ Այժմ խորհուրդ են տալիս էկրանի առջեւ ժամանակ չանցկացնել քնելուց առաջ։ Գիշերը բջջային հեռախոսները պետք է թողնել ննջարանից դուրս, կարծում են փորձագետները, անհրաժեշտ է նաեւ հետեւել տարիքային սահմանափակումներին սոցիալական ցանցերի եւ խաղերի պարագայում։
Խորհուրդների նպատակն այն է, որպեսզի «նպաստեն ժամանակի լավագույն հավասարակշռմանը էկրանի առջեւ անցկացրած ժամանակի եւ կյանքի այլ կարեւոր մասերի միջեւ, ինչպիսին են ֆիզիկական ակտիվությունը, քունը եւ գործունեության այլ տեսակները, որոնք նպաստում են երեխաների եւ երիտասարդների առողջությանը, ինչպես նաեւ անցանկալի կոնտենտի ազդեցության նվազմանը», նշել է վարչությունը։ Այստեղ կարծում են, որ 2-5 տարեկան երեխաները կարող են էկրանի առջեւ գտնվել օրական առավելագույնը 1 ժամ, 6-12 տարեկանները՝ առավելագույնը 1-2 ժամ, իսկ 13-18 տարեկանները՝ 2-3 ժամ։ Ծնողներին կոչ են անում ակտիվորեն վերահսկել եւ քննարկել, թե ինչ են երեխաներն անում թվային մեդիաներում, եւ համաձայնեցնել գաջեթների օգտագործման կանոնները։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ էկրանի առջեւ անցկացրած չափից շատ ժամանակը, նշել է վարչությունը, կարող է հանգեցնել «քնի վատացման, դեպրեսիվ ախտանշանների եւ սեփական մարմնից անբավարարության»։ Գաջեթներով տարվելը տեղի է ունենում ի վնաս քնի, կենդանի շփման եւ ֆիզիկական ակտիվության։





























