Նորվեգական NRK հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նորվեգիայի հարավի Ռիսավիկա ծովածոցում հայր ու որդի ձուկ բռնելիս բևեռային դելֆինի անշնչացած մարմին են հայտնաբերել։
«Հվալդիմիր» անունով դելֆինը, որն առաջին անգամ նկատվել էր Նորվեգիայում՝ Ռուսաստանի ջրերի մատույցներում, ժամանակին «ռուսական լրտես» տխրահռչակ փառքին էր արժանացել, հայտնում է Associated Press-ը:
Հվալդիմիր բևեռային դելֆինը, որի մականվան առաջին մասը նորվեգերեն նշանակում է կետ՝ հվալ, իսկ երկրորդ մասը՝ ՌԴ նախագահ Վլադիմիրի անունն է, վերամբարձ կռունկով հանել են ջրից և տեղափոխել մոտակա նավահանգիստ, որտեղ նրան կհետազոտեն փորձագետները:
«Ցավոք, մենք Հվալդիմիրին գտանք ծովում։ Նա սատկել է, բայց մահվան պատճառը դեռ պարզ չէ»,- NRK հեռուստաընկերությանը պատմել է ծովային կենսաբան Սեբաստիան Սթրանդը՝ հավելելով, որ ծովային կենդանու մարմնին արտաքին լուրջ վնասվածքներ չի հայտնաբերվել։
Սթրանդը, որը վերջին երեք տարիներին նորվեգական Marine Mind ոչ առևտրային կազմակերպության անունից հետևում էր Հվալդիմիրի արկածներին, պատմել է, որ խորապես ցնցված է կետի հանկարծահաս մահից:




























