Ադրբեջանի «Մուալիմների ինստիտուտ»-ի Ջալիլաբադի մասնաճյուղում սովորող ուսանողներին արգելվում են մզկիթ այցելել: Ադրբեջանական «Տրիբունա» գործակալությունը հաղորդում է, որ Ջալիլաբադի մասնաճյուղի ռեկտորը բոլոր ուսանողներին սպառնացել է, որ եթե նրանցից որեւէ մեկը համարձակվի մոտենալ մզկիթին, ապա նրան ինստիտուտից կհեռացնեն: Աղբյուրը հայտնում է, որ այդ հրամանը վերեւներից է եկել, կրթօջախի ղեկավարը շեշտել է, որ այդ որոշման հետ ինքն առնչություն չունի, ամեն ինչ կատարվում է Բաքվից եկած կարգադրության հիման վրա:
Մահառամի (Մահմեդական օրացույցի առաջին ամիսը) սկսվելուն պես եւ Իրանի կողմից Ադրբեջանի հակակրոնական քայլերի առթիվ հնչեցվող սպառնալիքների հետեւանքով, Ադրբեջանի իշխանությունները սկսել են որոշ «պատրաստություններ» ձեռնարկել, եւ առաջինը դրանք կիրառվում են շրջաններում, եզրափակում է «Տրիբունան»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արեւելյան Ադրբեջանի համալսարանների դասախոսական անձնակազմը Թավրիզում հնչեցրած ելույթներում Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը որակել էր որպես «հանցագործ եւ հակաիսլամական»:
Նշենք, որ Իրանը սկսեց հակաադրբեջանական ելույթներով հանդես գալ այն ժամանակաշրջանից, երբ Ադրբեջանի դպրոցներում արգելվեց հիջաբ կրելը, իսկ դրան հաջորդեցին նաեւ Իսլամական կուսակցության առաջնորդի եւ մի շարք անդամների ձերբակալությունները:



























