Հայաստանը պետք է վավերացնի ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ոլորտում համագործակցության համաձայնագրերը: Դրա մասին սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստում «Ծառայությունների ազատ առևտրի, ինչպես նաև ներդրումների ստեղծման, գործարկման և իրականացման մասին» համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սևակ Միքայելյանը։
Ըստ փոխնախարարի՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը այս համաձայնագիրը ստորագրել են 2023 թվականի հունիսի 8-ին, Սոչիում։
«Այս ամենի նպատակն է ծառայությունների, առևտրի, ներդրումների ոլորտում ընդլայնել պետությունների միջև տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև բարենպաստ պայմանների ստեղծումը փոխադարձ օգուտներ ստանալու համար։ Դա բխում է «Ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրից։ Առևտրի ծավալն ընդլայնվում է՝ ծառայությունների ոլորտ տարածվելով։
Կարգավորվում են ծառայությունների մերձսահմանային առևտուրը, ընկերությունների ստեղծման և գործունեության շրջանակը, մասնակից պետությունների տարածքներում ֆիզիկական անձանց տեղաշարժի և ժամանակավոր գտնվելու, ինչպես նաև ներդրումային գործունեությանն առնչվող մի շարք հարցեր»,- նշել է Միքայելյանը։ Նա ընդգծել է, որ նախագծի դրույթները այս ոլորտում ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջներին չեն հակասում։
«ԱՊՀ գործադիր կոմիտեն կանխատեսում է, որ համաձայնագրի իրականացումը ԱՊՀ-ում ծառայությունների ծավալը կավելացնի մոտավորապես 25%-ով»,- նշել է կառավարության ներկայացուցիչը։





























