Ցանկացած քաղաքական ուժի հետ կարելի է  համագործակցել այս իշխանություններից ազատվելու համար: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին, հայտնեց Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտի մասնակից, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի եւ այլ կուսակցությունների միջեւ համագործակցությանը:

Նրա խոսքով` ինքը ժամանակին ողջունել է ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը, ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, ապա Սարգիս Հացպանյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ի վերաբերյալ ասածների ուղիղ հակառակն է մտածում: Հացպանյանը շեշտեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն  այդ մասին  հայտարարել է որպես իր տեսակետ, ոչ թե` ՀԱԿ-ի: «Մարտավարությունների փոփոխությունն է եղել, որոնց հետ ես հայտնել եմ  իմ անհամաձայնությունը»,- ասաց նա` հավելելով, որ իր անհամաձայնությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հայտնել էր նաեւ այն ժամանակ, երբ առաջին նախագահը Սերժ Սարգսյանին կոչ էր անում քաղբանտարկյալներից ազատվելու համար նրանց ներում շնորհել: Ի դեպ, Սարգիս Հացպանյանը նշեց, որ ինքը ՀԱԿ-ի անդամ չէ, քանի որ դիմել է` ծրագիրը ստանալու համար եւ որեւէ բան չի ստացել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանը նշել է, որ եթե «Բարգավաճ Հայաստանը» պայքարի արդար ընտրությունների համար, նրանց հետ հնարավոր է դիտարկել համագործակցության տարբերակներ: Նա շեշտել է, որ ասվածն իր անձնական կարծիքն է եւ չի արվում ողջ Հայ ազգային կոնգրեսի անունից: Առավել եւս դա համագործակցության առաջարկ չէ եւ կարող է ընդունվել միայն որպես քաղաքական վերլուծություն: