Մեր պատկերացումները շատ կարճաժամկետ են. այդ երեւույթը ինքս ինձ վրա էլ զգում եմ, որ երբ մենք երեւույթները քննարկում ենք, սովորել ենք քննարկել այս պահը 15 րոպե առաջ և 15 րոպե հետո: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտաքին մարտահրավերներին:
«Կարծում եմ՝ ընդհանրապես, մենք պետք է պրոցեսները դիտրկենք ավելի երկար ժամանակահատվածում: Մենք կարող ենք արձանագրել, որ անվտանգային այն ճարտարապետությունը, որը մենք որդեգրել ենք, ըստ էության, ցույց է տվել իր արդյունավետությունը: Մենք այս հարցը դիտարկելիս մենք ունենք էլի ընկալման երկու բեւեռ. Առաջինը զենք, զինամթերք, բանակ եւ այլն, երկրորդ բեւեռը արտաքին միջավայր, միջազգային հանրություն, բարեկամներ, դաշնակիցներ եւ այլն:
Ես ուզում եմ, որ պատկերներին նայենք մեր դիրքրժից: Երբ ասում եմ, որ մեր անվտանգային ճարտարապետությունը ցույց է տվել իր արդյունավետությունը, նկատի ունեմ առաջին հերթին մեզ:
Անվտանգության մեր ընկալումը եղել է այն, որ մենք մեր տարածաշրջանում կարող ենք կոնֆլիկտներ ունենալ բոլոր հնարավոր ուղղություններով, փակ սահմաններով, լարված հարաբերություններով, եւ մենք կունենանք հեռու կամ ոչ այնքան հեռու դաշնակիցներ, որոնք մեր մեջքին կկանգնեն եւ մենք մեր տարածաշրջանում ինչ տոնայնությամբ երբ ինչպես ուզենք՝ խոսենք: Մեր մտքով չի անցել, որ դաշնակիցը դաշնակից, բարեկամը բարեկամ, բայց այդ երկրներից յուրաքանչյուրն ունի իր շահը: Այդ շահերի համատեքստում եթե հայկական գործոնը տեղ ունի, այդ տեղը ոչ առաջնային է, ոչ երկրորդային, ոչ երրորդային, ոչ չորրորդային ու հինգերերդային: Մեր մտքով չի անցել, որ մեր մոտեցումներում կա կոնստրուկցիոն սխալ. Այդ երկրներն իրենց շահերի բերումով ինչպես կուզեն կվարվեն առաջին հերթին մեզ հետ՝ երրորդ երկրների հետ իրենց հարաբերությունները պարզելու համար»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա նկատեց, որ անվտանգության մասին խոսելիս առաջին հերթին ոչ թե պետք է խոսել զենք-զինամթերքի մասին, որն, իհարկե, շատ կարեւոր է, այլ մեր միջավայրում ապրելու մեր կանոնների մասին:
«Աշխարհում չկա երկիր կամ ռազմական բլոկ, որն ի վիճակի է ապահովել ՀՀ-ի անվտանգությունը: ՀՀ-ի համար անվտանգություն ի վիճակի է ապահովել ՀՀ-ն՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու պարագայում, որովհետեւ երբ խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին, անվտանգության միայն մեկ երաշխիք կա՝ խաղաղությունը: Մեր կառավարության քաղաքականությունն է ստեղծել այդ երաշխիքը՝ հասկանալով, թե դա որքան է դժվար»,- ընդգծեց Փաշինյանը:





























