Հազվադեպ սպիտակ արջը, որին նկատել էին Իսլանդիայի հեռավոր գյուղում, սպանվել է ոստիկանության կողմից այն բանից հետո, երբ համարել են, որ նա սպառնալիք է ներկայացնում, տեղեկացրել է The Guardian-ը։

Ոստիկանապետ Վեսթֆյորդով Հելգի Յենսոնի խոսքով՝ արջը սպանվել է երկրի հյուսիս-արեւմուտքում այն բանից հետո, երբ ոստիկանությունը խորհրդակցել է շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության հետ, որը հրաժարվել է տեղափոխել կենդանուն։

«Դա այն չէ, ինչը մեզ համար հաճելի է անել,- ասել է Յենսոնը։- Այս դեպքում... արջը շատ մոտ էր ամառային տնակին։ Այնտեղ տարեց կին էր ապրում»։

Յենսոնի խոսքով՝ տան տիրուհին, որը մենակ էր, վախեցել է եւ փակվել տան վերեւում, այդ ընթացքում արջը քչփորում էր աղբի մեջ։ Կինը արբանյակային կապով կապվել է դստեր հետ մայրաքաղաք Ռեյկյավիկում եւ օգնություն խնդրել։