Մեքսիկայի արևմտյան Սինալոա նահանգում սեպտեմբերի 9-ին Սինալոա կարտելի մրցակցող խմբավորումների միջև բախումից հետո զոհվել է մոտ 53 մարդ, ևս 51-ը համարվում է անհետ կորած, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Նշվում է, որ դաժան բռնության թուլացման նշաններ չեն երևում։

Սինալոա թմրակարտելի երկու ամենախոշոր խմբավորումների միջև հակամարտությունը սկսվել էր հուլիսին, երբ ԱՄՆ-ում ձերբակալվեց թմրանյութերի վաճառքով զբաղվող և այդ խմբերից մեկի առաջնորդ,  տխրահռչակ Իսմայիլ «Էլ Մայո» Զամբադան:

74-ամյա Զամբադան պնդում է, որ կարտելի մեկ այլ խմբավորման՝ «Լոս Չապիտոսի» բարձրաստիճան անդամն առևանգել է իրեն, իսկ հետո իր կամքին հակառակ ինքնաթիռով տեղափոխել  ԱՄՆ։

Սեպտեմբերի 9-ին մարտերի սկսվելուց ի վեր, փոխհրաձգությունները խաթարել են առօրյա կյանքը մայրաքաղաք Կուլյականում, որտեղ որոշ օրեր ստիպված են եղել փակել դպրոցները, իսկ ռեստորաններն ու խանութները վաղ առավոտյան փակվում են:

Սինալոայի նահանգապետ Ռուբեն Ռոչա Մոյան ուրբաթ հայտարարել է, որ վերջին օրերին 40-ից ավելի մարդ է ձերբակալվել, իսկ մբողջ Սինալոայում ավելի քան 5000 պարենային փաթեթներ են բաժանվել: Մեքսիկացի զինվորականները, որոնք բոլոր ուժերով փորձում են ճնշել բռնությունը, հինգշաբթի օրը ձերբակալել են անվտանգության ենթադրյալ պետ Իվան Արչիվալդո Գուսմանին՝ «Լոս Չապիտոսի» առաջնորդին և բանտարկված, Սինալոայի նախկին առաջնորդ Խոակին «Էլ Չապո» Գուսմանի որդուն:

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մասնակի պատասխանատվություն է կրում Սինալոա նահանգում բռնության ալիքի համար։