Բելառուսի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար, գեներալ-մայոր Պավել Մուրավեյկոն այցելել է Բաքու եւ յուղ լցրել հայ-բեռալուսական հարաբերությունների մխացող կրակին։

«Բելառուսի եւ Ադրբեջանի համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում կրում է ռազմավարական բնույթ։ Մենք մեծ գոհունակությամբ ուսումնասիրում ենք Ադրբեջանի փորձը, լինի շինարարությունը ռազմական ոլորտում, ժամանակակից ռազմական տեխնիկայի յուրացումը, թե հակամարտության կարգավորումը»,- ասել է բելառուս գեներալն ադրբեջանական ԶԼՄ-ներին (մեջբերումն ըստ APA-ի)։ «Մեր կողմից մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ կիսել մեր փորձը հումանիտար ականազերծման, զինվորական կադրերի պատրաստման, հակաօդային պաշտպանության, համազարկային կրակի համակարգերի կիրառման եւ այլ ոլորտներում։ Կարեւոր դեր են խաղում ոչ միայն ռազմական կառույցները, այլեւ բարեկամական հարաբերությունները, որոնք գոյություն ունեն պետությունների ղեկավարների միջեւ։ Այդ բարեկամական հարաբերությունները թույլ են տալիս առաջ շարժվել։ Մենք կշարունակենք համագործակցությունը ադրբեջանցի զինծառայողների պատրաստման հարցում Բելառուսի տարածքում, ինչպես նաեւ կաջակցենք ականազերծման հումանիտար գործունեությանը»,- ասել է Մուրավեյկոն։

Թե որ հակամարտության «կարգավորման» փորձն է հետաքրքրում բելառուս գեներալին՝ պարզից էլ պարզ է։ Հիշեցնենք, որ առաջին հրապարակային հետաքրքրությունը համապատասխան «փորձին» ցուցաբերել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բաքվում գտնվելու ժամանակ նա հայտնել է. «հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ միասին ճաշի ժամանակ փիլիսոփայորեն զրուցում էինք։ Հետո եկանք այն եզրակացության, որ պատերազմը կարելի է հաղթել։ Դա կարեւոր է. շատ կարեւոր է պահպանել այս հաղթանակը»։ Լուկաշենկոյի հայտարարությունը դիվանագիտական սկանդալ էր առաջացրել, Երեւանում զայրացել էին եւ հայտնել, որ այլեւս վերջ Բելառուսի հետ հարաբերություններին։ Դրանից հետո Բելառուսի նախագահը մի քանի անգամ հայտնել է «Մինսկը այսուհետ եւս կշարունակի հանդես գալ Երեւանի հետ փոխհարգալից եւ կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին»-ի ոգով։ Եվ ահա հիմա գլխավոր շտաբի պետն է աչքի ընկել նոր անտակտ հայտարարությամբ։