Արևմտյան դաշնակիցները, ներառյալ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը, կոչ են արել ժամանակավոր հրադադար հաստատել Լիբանանում Իսրայելի և լիբանանյան Հեզբոլլահ շարժման միջև մարտերի սրումից հետո, հաղորդում է BBC-ն:

12 երկրների դաշինքն առաջարկել է անհապաղ 21 օրով դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի «տարածք բացվի դիվանագիտության համար՝ հասնելու դիվանագիտական ​​լուծման» և հրադադարի Գազայում։

Դաշնակիցները համատեղ հայտարարության մեջ նշել են, որ ռազմական գործողությունները «անտանելի են» և «տարածաշրջանային ավելի լայն էսկալացիայի անընդունելի վտանգ են ներկայացնում», որը չի բխում Իսրայելի կամ Լիբանանի ժողովրդի շահերից:

Համատեղ հայտարարությունը ստորագրել են ԱՄՆ-ն, Ավստրալիան, Կանադան, Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մեծ Բրիտանիան և Կատարը։ Սա հաջորդել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում համաշխարհային առաջնորդների հանդիպմանը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեկ այլ համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ժամանակն է կարգավորման, որը «կապահովի խաղաղ բնակիչների անվտանգությունը, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տները»:

«Ներկայիս ռազմական գործողությունները սպառնում են ավելի լայն հակամարտության վերածվել և վնաս են հասցնում խաղաղ բնակչությանը: Ահա թե ինչու մենք վերջին օրերին աշխատել ենք միասին՝ կոչ անելով ժամանակավոր հրադադար հաստատել՝ դիվանագիտությանը թույլ տալով հաջողության հասնել և խուսափել սահմանից դուրս լարվածության հետագա սրացումից», - ասվում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իսրայելի ռազմական ղեկավար Հերզի Հալևին զինվորներին ասել էր, որ Լիբանանում Հեզբոլլահի դեմ զանգվածային ավիահարվածները կարող են ճանապարհ բացել նրանց համար «թշնամու տարածք ներթափանցելու համար»: Գեներալ-լեյտենանտ Հալեւիի խոսքերը բարձրաստիճան պաշտոնյայի կողմից դեռևս ամենավառ ցուցումն է այն մասին, որ ցամաքային ներխուժումը Լիբանան կարող է մոտալուտ լինել: